Հունաստանի իշխանությունները քաղաքական ապաստան և 6 ամիս ժամկետով կեցության իրավունք են տվել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»:
Ավելի վաղ Նիշանյանը հայտնել էր, որ օրինական կերպով հանգիստ շրջելու իրավունք ստանալուն պես առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանա գալ Հայաստան:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել իր այգում «ապօրինի» շինարարության համար։ Այս տարվա հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլևս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հեռացել է Թուրքիայի տարածքից:
Նշենք, որ Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր դիրքորոշումով։