Գերմանիայի Հայ դատի գրասենյակն առաջիկա աշխատանքներում շեշտը դնելու է Արցախի հարցի վրա: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Անդրանիկ Ազնավուրյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության հարցը կարևոր է, սակայն Գերմանիայում հրատապ չէ, որովհետև այդ ուղղությամբ բավական աշխատանք տարվել է: «Շեշտը դնում ենք Արցախի հարցի վրա: Արցախի հարցով, ցավոք, մեր հանրությունն այնքան պատրաստված չէ, որքան Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Հետևաբար` այստեղ հսկայական աշխատանք կա անելու նախ Արցախի հարցը միջազգային հասկացողությամբ բացատրելու, ներկայացնելու, որ այստեղ ոչ միայն պատմական հողերի հետ կապված հարցեր են, այլև իրավական: Նրբությունները նկատի առնելով, այստեղ պետք է լուրջ քարոզչական աշխատանք սկսել: Ցավոք, Գերմանիայում Արցախի քաղաքական ներկայացուցչությունը քաղաքական խոսակցություններից, կարծես, դուրս է մնացել, նախահարձակ աշխատանք նկատելի չէ: Հետևաբար` այդ ուղղությամբ ենք աշխատելու», - ասել է Ազնավուրյանը: