Ռիգա աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպել է ԵԱՀԿ լատվիական պատվիրակության ղեկավար Էդվինս Սնորի և ԵԽԽՎ լատվիական պատվիրակության ղեկավարի տեղակալ Անդրիս Բերզինշի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Դեսպան Մկրտչյանը լատվիացի պատգամավորների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտությունն առաջ մղելուն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը:
Խոսելով ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հրադադարի խախտումների վերաբերյալ միջնորդների կոչերին հակադրվող Բաքվի անընդունելի վարքագիծը և ապակառուցողական հայտարարությունները։ Դեսպանը նաև նշել է, որ Ադրբեջանն իր սադրիչ գործելաոճը փորձում է պարտադրել նաև բազմակողմ և երկկողմ համագործակցության ձևաչափերում՝ ի հեճուկս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի:
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ: