Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն առաջիկայում կպատրաստի Ռուսաստան ապխտած մսամթերքի արտահանմանը վերաբերող եզրակացությունը: Այս մասին հուլիսի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծառայության անասնաբուժական տեսչության ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, փոխանցում է news.am -ը:
Հում (ջերմամշակման չենթարկվող) մսամթերքի և կաթնամթերքի վրա արգելք էր սահմանվել 2015 թվականի դեկտեմբերին Հայաստանում դաբաղի նոր տարատեսակի բռնկման պատճառով: Արգելքը վերաբերում էր նաև ապխտած մթերքներին (բաստուրմային և սուջուխին): Այն արտահանվում էր Ռուսաստան, չնայած շատ փոքր ծավալներով:
Վերջին մի քանի ամիսներին փաստահավաքության նպատակով Հայաստան են ժամանել «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները: «Պետական ծառայության աշխատակիցները դաբաղի առկայության ստուգումներ են կատարել արյան հարյուրավոր նմուշներում, ըստ որում՝ ռուսաստանցի գործընկերների համար իրենց աշխատանքը լիովին հրապարակային են իրականացրել: Այդ պատճառով ստուգումների վերաբերյալ նրանց մոտ կասկածներ չեն առաջացել: Վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի առաջիկա օրերին»,- նշեց Մկրտչյանը: