Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսված է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-ին: Մինչ օրս շատ երկրներ արտահայտել են իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Ստորև ներկայացնենք այն բոլոր ԵՄ երկրները, որոնք տարբեր մակարդակներում արդեն ողջունել են Իրաքի Քուրդիստանի հանրաքվեի անցկացման մասին որոշումը:
Նիդերլանդների գլխավոր հյուպատոս Ջանեթ Ալբերդան Քուրդիստանի հայրենասիրական միության առաջին քարտուղարի առաջին տեղակալ Կոզատր Ռասուլի հետ հանդիպումից հետո իր աջակցությունն է հայտնել Քուրդիստանի շրջանի ժողովրդի իրավունքներին, այդ թվում՝ գալիք հանրաքվեին: Այնուամենայնիվ, Ալբերդան նաև նշել է, որ անկախության հանրաքվեն միջազգային երկրների կողմից շատ ավելի մեծ աջակցություն կստանա, եթե Քուրդիստանի առաջնորդներն այդ հարցում համագործակցեն Իրաքի կառավարության հետ, հաղորդում է NRT-ն:
Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Ստանիսլավ Թիշկան և «Քուկիզ 15» (աջակողմյան քաղաքական շարժում Լեհաստանում) կուսակցության ղեկավար Պավել Քուկիզն իրենց հիացմունքն արտահայտեցին քրդերի խիզախության հանդեպ և հիշեցրեցին, որ Լեհաստանը, ի թիվս այլ երկրների, ևս հավանություն է տալիս Քուրդիստանի առաջիկա հանրաքվեին: Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այդ հայտարարությունն արվել է Զիադ Ռաոֆի՝ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցչի՝ Լեհաստանի երկու պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումից հետո:
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոթիասը հայտարարել է, որ Իրաքի միասնությունը պետք է ցանկալի լինի ժողովրդի կողմից, և քրդական հանրաքվեն Իրաքի Սահմանադրության ներքո ժողովրդի իրավունքն է: Նա մասնավորապես նշել է. «Քրդերը պետք է ունենան այն իրավունքները, որոնք Կիպրոսի Հանրապետությունը մտադիր է հատկացնել Կիպրոսի թուրքական համայնքին»:
Իտալիայում Քուրդիստանի տարածքային կառավարության ներկայացուցիչ Ռեզան Կադիրը հայտարարել է, որ իտալական կառավարությունը դեմ չէ Քուրդիստանի անկախության հանրաքվեին: Նրա խոսքերով, իտալացի պաշտոնյաները մի շարք հանդիպումների ժամանակ արտահայտել են իրենց աջակցությունը առաջիկայում կայանալիք հանրաքվեին:
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը ԵՄ անունից կոչ է արել խուսափել «միակողմանի քայլերից» և դաշնային կառավարության հետ «քաղաքական և տնտեսական սպեկտրի բոլոր հարցերի շուրջ կառուցողական երկխոսության մեջ ներգրավվել»՝ ներառյալ վիճահարույց ներքին սահմանները, հաղորդում է RUDAW գործակալությունը: