Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։
Նրա խոսքերով, հուլիսի 28-ին հակառակորդը կրակել է հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից։
Ոսկեվանի ղեկավարի խոսքով, սահմանային հատվածում տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո հակառակորդը դիվերսիոն փորձերի փոխարեն սկսել է կրակել խաղաղ բնակչության վրա․ «Ընդհանուր նորմալ է իրավիճակը, դե սահմանին միշտ էլ կրակոցներ կան։ Գյուղի վրա էլ վերջին անգամ 28-ին են կրակել»։