Միասնական հաշվարկային միավորի ստեղծումը ԵԱՏՄ-ում չի նշանակում միասնական արժույթի ներմուծում

21:07     2 օգոստոսի, 2017

Արդեն մի քանի օր է՝ ակտիվ շրջանառվում է ԵԱՏՄ-ում միասնական հաշվարկային միավորի ստեղծման մասին լուրը: Սկզբնաղբյուրը Եվրասիական զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Եվգենի Վինոկուրովի հայտարարությունն էր, որը սակայն հերթական թյուրընկալումների պատճառ հանդիսացավ:

Բանն այն է, որ ինչպես միասնական վճարային համակարգի, այնպես էլ միասնական հաշվարկային միավորի ստեծման մասին լուրերը սխալ կերպով հաճախ նույնացվում են միասնական արժույթի ստեղծման հետ:

Անշուշտ, առաջացած շփոթն անհիմն չէ, քանի որ վերոնշյալ երեք երևույթներն էլ հանդիսանում են միասնական ֆինանսավճարային համակարգի բաղադրիչներ: Մինչդեռ կան հստակ տարբերություններ, որոնց մասին ևս մեկ անգամ խոսելը, կարծես թե, ավելորդ չէ:

Միասնական վճարային համակարգը որևէ ինտեգրացիոն միության պարագայում անդամ-երկրների համար միասնական ֆինանսական չափորոշիչների և կանոնների մշակված համակարգն է: Եթե հակիրճ ներկայացնենք, ապա համակարգը, միասնական կանոններ է սահմանում, օրինակ, փոխադարձ առևտրաշրջանառության հաշվարկների համար: Այսպիսի համակարգի տրամաբանական շարունակություն է հանդիսանում միասնական հաշվարկային միավորի ստեղծումը:

Ի՞նչ է սա նշանակում. միասնական հաշվարկային միավորը ֆինանսական գործիք է, մասնակից երկրների աժույթների զամբյուղ, որը կիրառվում է մակրոգործարքների համար: ԵԱՏՄ պարագայում, խոսքը վերաբերում է այնպիսի ֆինանսական գործիքին, որը փոխարկելիություն կունենա անդամ հինգ երկրների արժույթների հետ, և կկիրառվի ԵԱՏՄ առևտրաշրջանառության սպասարկման համար: Այդպիսի գործիքի ստեղծումը ենթադրում է, որ անդամ երկրները կարող են փոխադարձ առևտուրը կազմակերպել ոչ թե դոլարով կամ ռուբլով, այլ այդ միավորով: Սա կնվազեցնի դոլարի փոխարժեքից առաջացող ռիսկերը և տարածաշրջանում դոլարիզացիայի մակարդակը, ինչը ֆինանսական որոշակի կայունության գրավական է:

Եվս մեկ անգամ ընդգծենք, որ միասնական հաշվարկային միավորը միասնական արժույթը չէ, քանի որ այն կիրառվում է միմիայն արտաքին գործարքների համար: Միասնական հաշվարկային միավորի լավագույն օրինակ է Եվրոպական միության Էքյուն, որը գործել է մինչև միասնական արժույթի՝ եվրոյի ներդնումը:

Միասնական հաշվարկային միավորի, ինչպես նաև միասնական վճարային համակարգի ստեղծումը, ցանկացած տնտեսական ինտեգրացիոն միության պարագայում, ինտեգրման բնականոն գործընթացի մաս է: Այդպիսի միավորի ներդնումն ու հաջող գործարկումը կարող է հիմք հանդիսանալ հետագայում միասնական արժույթի ստեղծման համար, սակայն դա պարտադիր չէ:

Այս իմաստով, առայժմ բոլորովին անհիմն են ԵԱՏՄ-ում միասնական հաշվարկային միավորի ստեղծման մտադրությունները միասնական արժույթի հետ նույնացնելու միտումները, առավել ևս, որ նույնիսկ նման միավոր ստեղծելու շուրջ պաշտոնական քննարկումները դեռ չեն մեկնարկել։


© armedia.am