«Սարսափից մինչև հույս» կոչվող Հայոց ցեղասպանության զոհերի պատմությունների հավաքածուն հաղթող է ճանաչվել The Next Generation Indie Book մրցանակաբաշխության ժամանակ: Այն պարունակում է մոտ 66 պատմություն, և ներառում է Ֆիլադելֆիայի հայերի մասին պատմող կարճ պատմական փաստեր, նրանց ձեռքբերումներն ու նվաճումները, կյանքի հումորային դրվագները: Այդ մասին պատմում է Armenianweekly.com-ը։
«Կարևոր էր գրել այս պատմությունները մեր երեխաների համար, ինչպես և մեզ են պատմել մեր ծնողները, քանի որ մենք կամրջող սերունդ ենք», - գործակալության հետ զրույցում ասել է Մարգո Պարնագյան-Սիլքը, որի գաղափարի շնորհիվ ծնվել է այս գիրքը: «Կարևոր է ոչ միայն հիշատակել Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, այլև հարգանքի տուրք մատուցել բոլոր ներգաղթածներին, ովքեր կառուցել են համայնքն ու նպաստել հասարակության ամրապնդմանը»:
Գրքի գաղափարը զարգացել է 2015թ. Ֆիլադելֆիայի «Մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ոգեշնչում ենք» խորագրով միջոցառման արդյունքում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Այս նախագիծը հաջողվել է Ֆիլադելֆիայի հինգ տարածքային եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցության շնորհիվ:
Գիրքը մեկ այլ նպատակ ևս ուներ՝ տարածել այն հայ համայնքի սահմաններից դուրս, և դա հաջողվել է: Ավելի քան 100 գրքեր նվիրաբերվել են կրթական հաստատություններին և ցեղասպանությունն ուսումնասիրող կամ ուսուցանող կազմակերպություններին:
Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել մայիսի 31-ին, Նյու Յորքի Հարվարդի ակումբում: Գրքի հանձնախմբի անունից պարգև են ստացել Քերոլ Լոնգ Կարաբաշյանն ու Սիլքը:
Թիմի մյուս անդամներն էին Կարեն Ազնավուրյան Կաննուսիոն, Մերիդիթ Հանամիրյանը, Լիզա Մանուկյանը, Սյուզաննա Շերենյանը և Պոլ Վարդան Սուքիասյանը:
Ինն ամիսների ընթացքում հանձնաժողովի անդամները սերտորեն համագործակցել են, կամավոր կերպով իրենց ժամանակն են տրամադրել, ինչպես նաև մասնագիտական հմտությունները:
«Այս տարի ներկայացվել է ավելի քան 2000 գիրք, ուստի իսկապես պատիվ էր, որ հենց մեր գիրքը վերջում հաղթեց», - մեկնաբանել է Կարաբաշյանը: The Next Generation Indie Book մրցանակաբաշխությունը, որը նշում է իր 10-ամյակը, հիմնադրվել է ժամանակակից գրողներին ավելի լայն հնարավորություններ ընձեռելու նպատակով: