Թուրքական Aktifhaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում գտնվող Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է Թորթան գյուղի 16 բնակիչների անուններով, փոխանցում է news.am գործակալությունը:
Թուրքիայի հայկական միություններից մեկի նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, թե անթույլատրելի է, որ եկեղեցին հանձնվել է բնակիչներին։ «2005 թվականից եկեղեցին որպես պատմամշակույթային շինություն է որակվել, որից հետո այն մշտապես ենթարկվել է գանձագողերի հարձակումներին։ Այդ հարձակումների դեմն առնելու համար վանական համալիրը 2017-ի մայիսի 23-ին գրանցել էին գյուղի 3 բնակչի անունով, սակայն նրանց մահից հետո եկեղեցին հանձնել են 16 բնակչի։ Այսինքն, եթե հիմա հայ համայնքը ցանկանա պատարագ կամ այլ արարողություն իրականացնել, պետք է գյուղի այդ 16 բնակչից թույլտվություն ստանա»,-ասել է Ազիզ Դաղջըն՝ շեշտելով, որ սրանով պետությունը խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքների ու կրոնի հետ կապված Լոզանի պայմանագրի դրույթները։
Ազիզ Դաղջըն նշել է, թե կանգ չի առնելու և այս հարցով դատական հայց է ներկայացնելու պետության և գյուղի բնակիչների դեմ։