ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյան
- Պարո՛ն Ապրեսյան, այժմ զբոսաշրջության ամենաբուռն շրջանն է: Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա ցուցանիշը:
- Այս տարի պաշտոնական վիճակագրական տվյալները նույնպես վկայում են, որ բավականին դինամիկ աճ ունենք, և զբոսաշրջությունը Հայաստանում դառնում է ավելի հետաքրքիր, ճանաչելի և ցանկալի միջազգային շուկայի համար: Առաջին կիսամյակի տվյալներով 24.2 տոկոս աճ ունենք նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ:
- Հիմնական ո՞ր երկրներից են զբոսաշրջիկներ այցելում Հայաստան:
- Հայաստան հիմնականում այցելում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից, Իրանից: Արդեն բավականին հետաքրքվածություն կա, և լավ դինամիկա ունենք Ճապոնիայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, Ծոցի արաբական երկրներից: Հետաքրքվածություն կա, և համագործակցության եզրեր են ձևավորվում Հարավային Կորեայի հետ:
- Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում ներգնա զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին: Ինչպիսի՞ իրավիճակ ունենք այստեղ:
- Ներքին զբոսաշրջությունը նույնպես բավականին դինամիկ աճ ունի: Առաջին կիսամյակի տվյալներն ավելի ուշ կլինեն, բայց առաջին եռամսյակի տվյալներով 20 տոկոս աճ ունենք ներքին զբոսաշրջության նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Նշեմ, որ արտագնա զբոսաշրջությունն էլ առաջին կիսամյակի տվյալներով աճել է 21 տոկոսով:
- Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ ձեռնարկել:
- Կառավարության ծրագրում նպատակ է դրվել առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել տարեկան 3 մլն-ի, իսկ ներքին զբոսաշրջությունների թիվը՝ 1.5 մլն-ի: Այս ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումներ, այլ ոչ թե պարզապես գովազդել երկիրը և բարձրացնել երկրի ճանաչելիությունը. իհարկե դա շատ կարևոր է, սակայն դա միակ քայլը չէ:
Առաջին միջոցառումն, ինչպես արդեն նշեցի, արդյունավետ և նպատակային մարքեթինգային քաղաքականության իրականացումն է՝ ընդ որում շեշտադրում անելով նաև էլեկտրոնային մարքեթինգի վրա:
Զբոսաշրջիկների թվի ավելացմանը զուգահեռ չպետք է մոռանալ որակի մասին և շարունակաբար բարձրացնել այն: Պետք է սահմանել ծառայությունների նկատմամբ որակական նոր, բարձր չափանիշներ և հետևողականորեն ապահովել դրանց իրականացումը:
Անհրաժեշը է դիվերսիֆիկացնել հայկական զբոսաշրջային արդյունքը, ձևավորել նոր, մրցունակ զբոսաշրջային արդյունք, պատճաշ փաթեթավորել և ներկայացնել միջազգային և ներքին շուկային:
Բացի այդ, անհրաժեշտ է բարձրացնել երկրի հասանելիությունը համաշխարհային շուկային: Սա երկու ուղղություն ունի՝ և՛ տրանսպորտային մատչելիության և հասանելիության ապահովում, և՛ սահմանային անցագրային գործընթացների դյուրացում:
Կարևոր է նաև բարենպաստ գործարար միջավայրի ապահովումը, որպեսզի մեր ծառայություններն ընդլայնվեն, առաջարկները շատանան: Սա իր հերթին կնպաստի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և առաջարկ-պահանջարկ հարաբերակցության մեջ անուղղակիորեն կնպաստի գնային մրցունակությունը բարձրացնելուն: