ԱՄՆ սենատորները Սպիտակ տանը ներկայացրել են աշխատանքային վիզաների տրամադրման համար նոր սահմանափակումներ և պայմաններ մտցնելու մասին օրինագիծ, որին հավանություն է տվել նաև երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես փոխանցում է The Telegraph-ը`ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE կոչվող օրինագծի մասին, որի շնորհիվ արմատական բարեփոխումների է ենթարկվելու ներկա ներգաղթային քաղաքականությունը:
«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»,- հայտնել է ԱՄՆ նախագահը:
Օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնի խոսքով` ԱՄՆ ամեն տարի մեկ միլիոնից ավելի մարդկանց երկրում մշտական բնակության և աշխատանքի իրավունք է շնորհվում, սակայն, հաշվի չի առնվում, թե արդյոք դիմումատուն ունի բավարար հմտություն, որը կարող է նպաստել ԱՄՆ տնտեսության բարգավաճմանը: «Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքն ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները», - ասել է Թոմ Քոթոնը:
Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կսահմանափակի մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը: