Թուրքիայի Վան նահանգի Արտամեդ (Էդրեմիթ) շրջանում գտնվող հայկական գերեզմանոցի տարածքում կառուցված հասարակական լողափը փակվել է: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Birgün» թերթի կայքին, լողափի մուտքը արգելափակվել է, իսկ ներսում քաղաքապետարանի աշխատակիցների վերահսկողությամբ շինարարական տեխնիկա է աշխատում:
Վանի բողոքական եկեղեցու հոգևոր առաջնորդ Վահիթ Յըլդըզի խոսքով` հայտնի չէ, թե հայկական գերեզմանոցի վրա կառուցված լողափում հատկապես ինչ աշխատանքներ են կատարվում, սակայն նկատելի է, որ մեքենաները տեղափոխում են տարածքում գտնվող «Դիլքայայի» պատմական բլուրի՝ ափին նայող հատվածի հողը: Տեղահանված հողը անփութորեն այս ու այն կողմ է թափվում, տեղ-տեղ նկատելի են գերեզմաններից դուրս եկած մարդկային ոսկորներ: