Այս տարվա օգոստոսի 12-ից հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Ինչպես տեղեկացրել էինք, ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում, համաձայն որի, հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետներն այլևս չեն երկարաձգվելու: Եթե լրացել է անձնագրի ժամկետը, պետք է դիմել այն փոխանակելու համար: ՀՀ կառավարության որոշումն արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Այն ուժի մեջ է մտնելու 12.08.2017թ.-ից», - հայտնել է Բիչախչյանը:
Վարչության պետը նաև նշել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից անձնագրի ժամկետը չի երկարաձգվելու, իսկ մինչ այդ երկարաձգվածները պահպանելու են իրենց ուժը մինչև երկարաձգման կնիքում նշված ժամկետի ավարտը: