Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Բահրամ Քասեմին Թեհրանում լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:
Հարցի շուրջ նա մասնավորապես նկատել է.
«Մենք երկու հարևաններ ունենք հյուսիսում: Ունենք Ադրբեջանը, որն իրապես կարևոր է մեզ համար, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել այդ երկրի հետ: Հայաստանի հետ էլ մենք ունենք բարեկամական և սերտ բարիդրացիական հարաբերություններ: Հակամարտությունը, նրանց տեսակետների տարբերությունները Ղարաբաղյան հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է գոյություն ունեն, և ժամանակ առ ժամանակ լարվածությունն աճում է: Մենք հուսով ենք, որ նրանք կարող են հաղթահարել այն խնդիրները, որոնց առերեսվում են այդ տարածաշրջանում»,- նշել է Բահրամ Քասեմին:
Իրանի ԱԳՆ խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օժանդակել տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարող են ազդեցություն ունենալ ավելի լայն տարածաշրջանի վրա:
«Երկու երկրների հետ էլ մենք շարունակաբար բանակցել ենք, տեսակետներ ենք փոխանակել, և հուսով ենք, որ ի վերջո դիվանագիտությունն ու երկխոսությունը կգերակայեն այլ մոտեցումների ու մեթոդների նկատմամբ»,- ամփոփել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը: