Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում` Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը:
Վիրահայոց թեմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:
Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի ջանքերով: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվել է Ջինիշյան հիշատակի և IDeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:
Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցել են Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:
Կենտրոնի բացման արարողությունը սկսվել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով: