Նյու Յորքում գտնվող տունը, որտեղ իր մանկությունն է անցկացրել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, հասանելի է կարճաժամկետ վարձակալության համար: Տունը կարելի է վարձակալել օրական 725 ԱՄՆ դոլարով Airbnb կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կայքում նշվում է, որ տանը կարող է բնակվել մոտ 20 մարդ: Այն գրեթե չի փոխվել սկսած այն ժամանակներից, երբ այնտեղ ապրում էր Թրամփի ընտանիքը:
Համաձայն վարձակալության պայմանների, տան տարածքում արգելվում է կազմակերպել երեկույթներ և պահել ընտանի կենդանիներ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ տան հետ անվճար տրվում է Թրամփի «հսկա ստվարաթղթե ֆիգուրը», որը դրված է հյուրասենյակում:
Երկհարկանի աղյուսե շինությունը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը: Այն գտնվում է Քուինս շրջանում՝ Մանհեթենից 16 կիլոմետր հեռավորության վրա: Թրամփն այդ տանը բնակվել է մինչև 4 տարեկան, որից հետո ընտանիքը տեղափոխվել է մոտակայքում գտնվող մեկ այլ տուն:
The New York Times թերթի տվյալներով, Թրամփի մանկության տունն այժմ պատկանում է մի չինացի կնոջ: