Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Արցախ ժամանած Մարդասիրական օգնության հիմնադրամ կազմակերպության ներկայացուցիչներին:
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհի Քոքսի հայանպաստ գործունեությունն ու նշել, որ Քոքսն առաջիններից մեկն էր, ով Արցախյան ազատագրական շարժման մեջ տեսել է մարդու իրավունքների պաշտպանության հրամայականը և տարիներ շարունակ հետևողականորեն պաշտպանել այն:
Խոսելով Արցախի հետ բարեկամության և իրականացվող ծրագրերի մասին՝ բարոնուհին ընդգծել է, որ թեև Արցախ է այցելում արդեն 86-րդ անգամ, այնուամենայնիվ, ամեն անգամ յուրովի է բացահայտում Արցախը և ականատես լինում դրական փոփոխությունների ու նոր ձեռբերումների:
Այնուհետև հյուրերի խնդրանքով Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է նոր Սահմանադրության առաձնահատկությունները, մասնավորապես պետական կառավարման և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտներում նախատեսված փոփոխությունները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև խորհրդարանական համագործակցության, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, պաշտոնատար այլ անձինք: