2018թ–ից սկսած մի քանի տարի ջրի սակագինն աճելու է` առնվազն տարեկան 6 դրամով։ Այս մասին Sputnik Արմենիային է ասել «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ բազիսային սակագնի 6 դրամ թանկացումը նախատեսված է «Վեոլիա ջրի» հետ կառավարության պայմանագրով և ընկերությանը տրված լիցենզիայով։
«Եթե անգամ այլ գործոններ չկան, բազիսային սակագինը բարձրանալու է 6 դրամով։ Բարձրացումը շարունակվելու է մինչև 2022թ–ը, ապա իջնելու է մինչև 2031թ–ի ավարտը։ Այսինքն, եթե այսօր բազիսային սակագինը 150 դրամ է, իջնելուց հետո այն կազմելու է 108 դրամ»,– ասել է «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ջրի սակագինն ավելացնելը «Վեոլիա ջրի» ցանկությունը կամ քմահաճույքը չէ, և ունի լուրջ տնտեսական հիմնավորում:
Նշվում է, որ ընկերությունն արդեն դիմել է ՀԾԿՀ` 2018թ–ից ջրի սակագինը 14 դրամով ավելացնելու հայտով։ Հանձնաժողովն էլ հայտն ընդունել է վարույթ և 90–օրյա ժամկետում պարտավորվել է քննարկել ու կայացնել համապատասխան որոշում։
Մուրադ Սարգսյանը վստահեցրել է, որ հայտում բոլոր անհրաժեշտ փաստարկները ներկայացված են։
«Միակ ցուցանիշը, որ կարող է քննարկման առարկա դառնալ, վաճառված ջրի ծավալն է։ Արդյո՞ք մենք այնքան ջուր ենք վաճառել, որքան պարտավոր էինք, որովհետև դա այսպես, թե այնպես ազդում է սակագնի վրա»,– ասաց Մուրադ Սարգսյանը` կոչ անելով չշտապել և սպասել հանձնաժողովի որոշմանը։