Աջ ձեռքով գրող մարդիկ թերևս երբևէ չեն մտածել, որ աշխարհում արտադրվող ամեն ինչ հարմարեցված է իրենց: Մինչդեռ աշխարհի բնակչության 10 %-ը ձախլիկներ են, ովքեր ստիպված են հարմարվել այդ ամենին:
1992 թվականի օգոստոսի 13-ին ձախլիկները տոնակատարություն կազմակերպեցին` այդ քայլով ցանկանալով հրավիրել հասարակության ուշադրությունն իրենց խնդիրներին: Նախաձեռնությունն աջակցություն ստացավ, և օգոստոսի 13-ն այդ ժամանակվանից նշվում է որպես Ձախլիկների միջազգային օր:
Հոգեբանները կարծում են, որ ձախլիկները ստեղծագործող մարդիկ են, ովքեր ամուր բնավորություն ունեն: Ձախլիկ են եղել Բեթհովենը, Ռախմանինովը, Մարկ Տվենը, Չերչիլը, Ալեքսանդր Մակեդոնացին և այլք:
Հին ժամանակներում ձախլիկներին կասկածով են վերաբերվել` համարելով, որ նրանց մեջ սատանայական ինչ-որ բան կա: Նրանց նույնիսկ արգելում էին վկայություն տալ դատարանում: