Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրն օգոստոսի 24-ին կայանալիք Անվանական աստղերի բացման արարողությանը Հոլիվուդի Փառքի ծառուղում իր անվանական աստղը կստանա, հայտնում է News.am-ը:
«Շարլ Ազնավուրն աշխարհահռչակ երգիչ է, ում ճանաչում են ամբողջ աշխարհում ու սիրում բոլոր սերունդները: Նրա ֆրանսիացի հայրենակիցները ուրախ կլինեն Հոլիվուդի Փառքի ծառուղում տեսնել Շարլ Ազնավուրի անվանական աստղը», - ասել է Փառքի ծառուղու արարողությունների կազմակերպիչ Աննա Մարտինեսը:
Փառքի ծառուղում անվանական աստղ ստանալու համար Ազնավուրի թեկնածությունը առաջարկել էր Քալիֆորնիայի Սենատի նախագահ Թեմ Քևին դե Լեոնը, ով ելույթ է ունենալու Անվանական աստղի բացման արարողության ընթացքում։
Նշենք, որ նախորդ տարի 93-ամյա Ազնավուրն ԱՄՆ հայ համայնքի կողմից Փառքի ծառուղու անվանական հուշատախտակ էր ստացել՝ արվեստի ոլորտում ունեցած ավանդի համար:
Լեգենդար շանսոնյեի հետ Փառքի ծառուղում աստղ կստանան նաև Լին Մանուել Միրանդան, Snoop Dogg-ը, ICE T-ն, Քիրսթեն Դանսթը, Ջեֆ Գոլդբլյումը, Սայմոն Քոուելը, Մերի Ջի Բլայջը, Շոնդա Ռայմսը, Լինդա Քարթերը, Սըր Ռիչարդ Բենսոնը, Ջենիֆեր Լոուրենսը, Ջինա Լոլոբրիջիտան, Ջիլիան Անդերսոնը։
93-ամյա Շառլ Ազնավուրն ավելի քան 1200 երգ է հեղինակել և վաճառել 800 մլն սկավառակ։ Նրան կոչում են ֆրանսիական «Ֆրենկ Սինատրա»։ Նա մինչ օրս համարվում է աշխարհում ամենասիրված շանսոնյեներից մեկը։