Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից 2019 թվականին` միաժամանակ դուրս գալով ԵՄ ընդհանուր շուկայից: Այս մասին The Sunday Telegraph-ում հրապարակված իրենց համատեղ հոդվածում հայտնել են ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը և արտաքին առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք հարգում ենք բրիտանացիների կամքը, և 2019 թվականի մարտին Միացյալ Թագավորությունը դուրս կգա Եվրոպական միության կազմից: Մենք դուրս կգանք Մաքսային միությունից և ազատություն կստանանք` որպես անկախ, բաց առևտրական գերտերություն ամենաշահավետ համաձայնագրերը քննարկելու ողջ աշխարհի հետ», - ասվում է հոդվածում:
Համոնդը և Ֆոքսն ընդգծել են, որ Brexit-ից հետո գործարար համայնքին վստահություն հաղորդելու համար անհրաժեշտ անցումային շրջանը «չի կարող հավերժ լինել»: Նրանք հայտարարել են, որ այդ շրջանում Մեծ Բրիտանիան արդեն չի լինի ընդհանուր շուկայում, այդ իսկ պատճառով «հանդես կգա որպես երրորդ կողմ և չի լինի ԵՄ պայմանագրերի մասնակից»:
Միևնույն ժամանակ Համոնդը և Ֆոքսն ակնարկել են, որ անցումային շրջանում Մեծ Բրիտանիայի սահմանները «պետք է շարունակեն գործել»: «Երբ անցումային շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որպեսզի Միացյալ Թագավորության և Եվրոպական միության միջև գործեն մեխանիզմներ` հիմնված այն պայմանավորվածությունների վրա, որոնք կապահովեն ԵՄ հետ առավելագույն ամուր կապեր` պահպանելով սերտ հարաբերությունները անվտանգության, առևտրի և կոմերցիոն գործունեության ոլորտներում», - ընդգծել են նախարարները: