Իսրայելի Պաշտպանության նախարարությունը ստուգում է այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը «Aeronautics Defense Systems» իսրայելական ընկերությանը խնդրել է ցուցադրել հարվածային անօդաչուի հնարավորությունները հայ զինվորականների դեմ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Ավելի վաղ իսրայելական Maariv պարբերականը հայտնել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems-ի մասնագետների թիմը ժամանել է Ադրբեջան՝ ավարտելու Orbiter 1K անօդաչուի վաճառքի գործարքը, որտեղ էլ ընկերության ներկայացուցիչներին խնդրել են հարվածել դիրքերին:
Պարբերականի փոխանցմամբ՝ անօդաչուն շահագործող 2 իսրայելցիները հրաժարվել են: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն են սկսել անօդաչուն կառավարել, սակայն վերջնարդյունքում իրենց նպատակներին չեն հասել:
Իսրայելի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ «Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված հարցերը, նախարարությունում համապատասխան կողմերը քննարկում են բողոքը»:
Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունները: Ընկերությունց հայտնել են, որ իրենք երբեք կրակի կենդանի թեստավորում չեն կատարում, իսկ անօդաչուի կառավարմամբ զբաղվում է գնորդը, և հենց գնորդն է կրում հետագայում տեղի ունեցողի պատասխանատվությունը: