Վեսթմինսթերյան պալատի աշտարակի ժամացույցը, որն առավել հայտնի է Բիգ-Բեն անունով, վերանորոգման պատճառով օգոստոսի 21-ից «կլռի», հայտնում է Reuters-ը: Աշխատանքները կշարունակվեն գրեթե 4 տարի:
Մուրճերը, որոնք վերջին 157 տարվա մեծ մասի ընթացքում ժամը մեկ հարվածել են մոտ 14-տոննայանոց զանգին, ժամացույցից կանջատվեն: Զանգի ձայնը հնարավոր կլինի լսել միայն կարևոր իրադարձությունների դեպքում, օրինակ՝ Նոր տարին նշելիս:
Եղիսաբեթի 96-մետրանոց աշտարակը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաշատ լուսանկարվող շենքը:
Վերականգնման շրջանակում ծրագրվում է լվանալ և նորոգել Բիգ-Բենի թվացույցները: Միաժամանակ փակ կլինեն միայն երեքը, իսկ չորրորդը ժամը ցույց կտա՝ աշխատելով ժամանակակից էլեկտրական շարժիչով (վերանորոգումից հետո ժամացույցի օրիգինալ մեխանիզմը կվերադարձվի):