ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ԱՐՏ PR» ընկերության նախաձեռնությամբ՝ ս. թ. օգոստոսի 15-ից սեպտեմբերի 30-ը, Երևանի Կարապի լճում կներկայացվի ժամանակակից քանդակագործ Աշոտ Հարությունյանի քանդակների յուրօրինակ ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից:
Ցուցադրությանը ներկայացված են 20-ից ավելի քանդակներ, որոնց մի մասն արդեն տեղադրված է լճում, իսկ մյուսները՝ օգոստոսի 15-ին. նույն օրը` ժամը 19:00-ին տեղի կունենա ցուցադրության բացման պաշտոնական արարողությունը:
Ցուցահանդեսի կազմակերպիչ «ԱՐՏ PR» ընկերության տնօրեն Գայանե Դավթյանի կարծիքով. «Ժամանակակից հայ քանդակագործության այս նմուշներով ցուցադրվում է, թե ինչպես կարելի է սովորական քաղաքային, հանրային վայրերը դուրս բերել ամենօրյա առօրեական ռիթմից և տեղափոխել վերացական արվեստի հարթություն: Վերացական արվեստը «քարոզում է» ազատություն, իսկ այս ազատության դրսևորումը ոչ այլ ինչ է, քան քաղաքային մշակույթի մեջ կարծրատիպեր կոտրելու յուրահատուկ ակտ:
Այս ցուցադրությունը հավակնում է դառնալ երևանցիների, ինպես նաև զբոսաշրջիկների ամենասիրելի ժամանակահատվածը: Ցուցահանդեսի կարևոր նպատակներից է` երիտասարդ սերնդի մեջ արթնացնել սեր` արվեստի հանդեպ, սեր` քաղաքի հանդեպ, ցույց տալ, որ Երևանում մոնումենատալ արձաններին ու ավանդական արձանագործներին լրացնում են նաև այլ արվեստագետներ»: