Աշխարհի բնակչության 80 տոկոսը զրկված է կրոնական ազատության իրավունքից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ ներկայացնելով աշխարհում կրոնի ազատության նոր զեկույցը, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Թիլերսոնը նշել է, որ կրոնական ազատության հետ կապված իրադրությունն առավել բարդ է ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որտեղ եզդիներն ու քրիստոնյաները լավագույն դեպքում հատուկ հարկ են վճարում, սակայն հաճախ՝ սպանվում, բռնաբարվում կամ վաճառվում որպես ստրուկներ: Լուրջ խնդիրներ կան նաև Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Պակիստանում, Սուդանում, Իրանում և Թուրքիայում, նշել է պետքարտուղար Թիլերսոնը: Նրա խոսքերով, «Թուրքիայում իշխանությունները շարունակում են սահմանափակել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների մարդու իրավունքները, իսկ որոշ համայնքներում շարունակվում են կրոնական սեփականության շուրջ վեճերը»:
Զեկույցում մասնավորապես նշված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, որը պահանջում է վերադարձնել 1915 թվականին ապօրինի կերպով գրավված Կաթողիկոսի նստավայրը Սիսում: 2016-ի հունիսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել էր հայցն ընթացակարգային պատճառներով, սակայն, դեկտեմբերին հայցվորը դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Զեկույցը հիշատակում է նաև, որ Թուրքիայի իշխանությունները դադարեցրել են կրոնական ծիսակատարություններն Ախթամար կղզու հայկական եկեղեցում:
Ադրբեջանում 2016-ին ձերբակալվել է կրոնական 86 առաջնորդ, որոնց տեղական դիտորդները քաղբանտարկյալ են համարում:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիշեցրել է, որ կրոնի ազատության սահմանափակումը ծայրահեղականություն և կրոնական արմատականություն ծնող հիմնական պատճառներից մեկն է: