Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 15-ին Շահումյանի շրջանում դիմավորել է ոչ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որից հետո նրանք միասին ծանոթացել են շրջանում գործող տնտեսական մի շարք նախագծերի, հայտնում է Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Երկու հանրապետությունների վարչապետները սկզբում ծանոթացել են Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարական աշխատանքներին՝ կարևորելով այդ ճանապարհի նշանակությունը թե՛ ռազմավարական և թե՛ հարակից շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյուններից:
Վարչապետներն այնուհետև մասնակցել են Քարվաճառ քաղաքի մերձակայքում հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին: «Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի գործարանի հիմք ենք դնում: Այս նախագիծն իրագործվում է օտարերկրյա ներդրումով՝ նպատակ ունենալով մեծ ծավալներով արտահանել Քարվաճառի ջուրը: Այն նշանակալի ազդեցություն է թողնելու շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա, քանի որ, ըստ նախագծի, սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ՝ խթանելով նաև շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը: Ուստի կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը»,- նշել է վարչապետ Հարությունյանը:
ԱՀ և ՀՀ կառավարությունների ղեկավարները նաև այցելել են Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ, ծանոթացել դրանց արտադրական հնարավորություններին: Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ Արցախը դարձել է էլեկտրաէներգիայի սպառման առումով ինքնաբավ, ինչպես նաև բացվել են հարյուրավոր նոր աշխատատեղեր: