Ինչի՞ համար Օսմանյան կայսրությունում կախաղան բարձրացվեցին Ստամբուլի բոլոր կապիկները. Tert.am

13:42     16 օգոստոսի, 2017

Աֆրիկայի տարբեր երկրների հետ ակտիվ առևտրային կապեր ունեցած Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ստամբուլում բավականին մեծ տարածում են ունեցել դրսից բերված կապիկները, որոնց սպանդի նախաձեռնողը հոգևորական է եղել:

Ինչպես գրում է թեմային անդրադարձած haberler.com կայքը՝ կապիկների պատմական սպանդի նախաձեռնողը Մուրադ Երրորդ սուլթանի կողմից շատ սիրված հոգևորական Աբդուլ Քերիմն էր, որն ուներ մոլլայի կոչում և առանձնանում էր նաև կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ունեցած ատելությամբ: Պարզվում է ՝ մոլլա Քերիմն ատում էր նաև կապիկներին, փոխանցում է Թերթ.ամ-ը:

Մի օր մզկիթներից մեկում կրոնական քարոզի ժամանակ մոլլան հայտարարում է, որ ոմանք կապիկներին օգտագործում են «պիղծ գործերի համար», ինչից հետո կատաղած բազմությունը քաղաքի փողոցներ է դուրս գալիս՝ կապիկների սպանդի:

Ժամանակի պատմաբանները գրում են, որ այդ օրը հսկայական Ստամբուլում չէր մնացել գեթ մեկ ծառի ճյուղ, որի վրա կախաղան բարձրացրած չլինեին կապիկների:
Սպանդից վրդովված ստամբուլցիները մոլլա Քերիմին կնքում են «մայմունքեշ» անունով, իսկ տարիներ անց ՝ նրա մահվան առթիվ, թուրք կենդանասերները մեծ տոն են կազմակերպում:


© armedia.am