«Խոսրովի արգելոց»-ում տեղացած անձրևը բավականին արդյունք է տվել: Այս մասին նշել է Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը՝ նշելով, որ իրեն այդ մասին հաղորդել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը, փոխանցում է News.am-ը:
«Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները, սողունները, կրծողներն են տուժել հրդեհից:
Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»:
Ավելի վաղ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, aravot.am-ի հետ զրույցում նշել էր. «Խոշոր կաթնասունները, հաստատ, փախել են, նրանք չեն այրվել, ուղղակի սթրեսային վիճակում են: Մեզ պատմեցին, որ արջի քոթոթը դուրս էր եկել ու հարձակվում էր հրդեհը հանգցնողների և արգելոցի աշխատակիցների վրա, որովհետև կորցրել էր մորը, բայց կգտնեն իրար, հենց ծուխը նստի, քոթոթն ու մայրը կգտնեն իրար»: