Լիբանանի հայ համայնքը Կառավարությունում ունի կենտրոնական խորհրդի ընդհանուր քննիչ: Երկարատև պայքարից հետո այս պաշտոնում նշանակվել է լիբանանահայ, 43-ամյա Հուրի Տեր-Սարգսյանը: Այդ մասին վերջինս պատմել է news.am գործակալությանը տված հարցազրույցում:
Նա, մասնավորապես նշել է, որ հայկական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ֆրանսիական համալսարան, որտեղ և ստացել է իրավաբանի մասնագիտությունն ու դարձել փաստաբան, մինչդեռ որպես փաստաբան երբեք չի աշխատել:
«Եղել եմ Լիբանանի հայ 4 նախարարների խորհրդատու, որից հետո տալով Կառավարության քննությունները՝ դարձել եմ առաջին դասակարգի կառավարական պաշտոնյա ու նշանակվել Կենտրոնական խորհրդում ընդհանուր քննիչ: Այս պաշտոնը նախկինում հայ է զբաղեցրել, սակայն նրա մահից հետո՝ արդեն 10 տարի, հայերի չէին նշանակում: Հայ համայնքի պայքարից հետո ես դարձա ընդհանուր քննիչ»,- գործակալությանը տված հարցազրույցում նշել է Հուրի Տեր- Սարգսյանը:
Հաղորդվում է, որ կառավարության այս խորհուրդը վերահսկում է երկրի բոլոր նախարարությունների աշխատակիցներին, որպեսզի ոչ ոք անօրինական քայլեր չանի: