Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Էրդողանի թվիթերյան միկրոբլոգից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: Թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որևէ տարօրինակ բան չկա, փոխանցում է Ermenihaber-ը:
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է հինգերորդ նախագահ Ջևդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից:
Խոսնակը նշել է, որ այս հարցով իրենք դիմել են նաև Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK), և ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Türkiye Cumhuriyeti Cumhurbaşkanı) արտահայտության մեջ «Cumhuriyet» և «Cumhurbaşkanı» բառերն ըստ էության կրկնաբանություն են և քերականական տեսակետից «Cumhuriyet»-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է: