190 տարի առաջ այս օրը`1827 թ.-ի օգոստոսի 17-ին տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ): Այն ընթացել է հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև:
1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով էրիվանյան սարդար Քաջար Հուսեյն խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին: Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավել քանակին, կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց: Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում:
Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին, կապիտան Մ. Սոբոլևը և դեկաբրիստ Ե. Լաչինովը: