Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը և Լևոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ պաշտոնական էջը։
«Սեպտեմբերի սկզբին երկու թիմով մեկնելու ենք Բաթում՝ մասնակցելու միջազգային մրցաշարի, այնտեղից կգնանք Թբիլիսի, որտեղ նույնպես միջազգային մրցաշար է լինելու: Այնուհետեւ, կվերադառնանք ու այստեղ, ամենայն հավանականությամբ, Սևանի ավազանում սեպտեմբերի 14-ին կտանք «Հայկի նետեր» ավանդական միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակցելու հայտ ներկայացրել են Վրաստանից՝ Բաթումի և Թբիլիսիի, Ղազախստանի, Ղրղզստանի ևւ Յակուտիայի թիմեր:
Այս մրցումները մրցափորձի ձեռք բերման կարևոր դերակատարություն կունենան մեր տղաների համար: Աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլը կանցկացնենք Էջմիածնում»,- ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը: