Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասամբ կսուբսիդավորվեն, փոխանցում է panarmenian.net-ը։
Գյուղնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ընկերություններին պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների իրականացման համար տրամադրվելու է տարեկան 3% տոկոսադրույքով վարկ մեկ տարի ժամկետով:
Համապատասխան հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:
Արդեն երեք բանկ պատրաստակամություն է հայտնել միանալ ծրագրին։ Հուշագրով նախատեսվում է աջակցություն ցուցաբերել կայուն, կանխատեսելի և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը, ճշգրտել տվյալ տարվա խաղողի, պտղի և բանջարեղենի մթերման առաջնահերթություններն ըստ տեսականու և մարզերի, բացահայտել մթերման գործընթացում առկա խնդիրները: