Օգոստոսի 17-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն և սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով, հայտնում է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։
Ի թիվս այս նպատակների՝ հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերտեսչությունների միջև։ Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբը ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ նպատակն է արդյունքում ստեղծել ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները ևս։ Նախօրեին Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձևավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։