Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի գովազդը կտեղադրվի Գլենդելի առևտրի կենտրոնում

16:31     18 օգոստոսի, 2017

Գլենդելում գտնվող Americana at Brand զվարճանքների և առևտրի կենտրոնի ղեկավարությունը մտափոխվել է՝ որոշելով թույլ տալ Հայոց ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի գովազդի տեղադրումը, հայտնում է News.am-ը:

Որոշումն ընդունվել է, երբ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պատրաստվել է բոյկոտել բոլոր օբյեկտները, որոնք պատկանում են կենտրոնի սեփականատեր Ռիկ Կարուզոյին:

ANCA-ն (Armenian National Committee of America) ընկերության ղեկավարից նամակ է ստացել, որում նրանք դատապարտել են «աշխարհի ցանկացած կետում ցանկացած տեսակի վայրագությունը, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը, որը ներգործել է մեր հանրության հայերի կյանքի վրա»: Առևտրի կենտրոնը նաև հայտարարել է, որ կաշխատի ֆիլմի հեղինակի հետ, և գովազդը կտեղադրվի Americana at Brand-ում անվճար:

Ամերիկայի հայերը շնորհակալություն են հայտնել համայնքի բոլոր ներկայացուցիչներին, ինչպես նաև Քալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթոյին, կոնգրեսական Ադամ Շիֆին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց դիրքորոշմանը:

Նշենք, որ ավելի վաղ կենտրոնի ղեկավարությունը հրաժարվել էր ֆիլմի գովազդը տեղադրելուց՝ պատճառաբանելով, որ այն «չափից ավելի քաղաքականացված է»:


© armedia.am