ԱՄՆ կդադարեցնի ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը Ռուսաստանում: Այդ մասին ասվում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանության կայքում տեղ գտած հայտարարության մեջ, որում մասնավորապես նշվում է.
«ՌԴ որոշումը` ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը կրճատելու մասին, կասկածի տակ է դնում երկկողմանի հարաբերությունները բարելավելու Ռուսաստանի ձգտումը: Մենք կպահպանենք մեր աշխատակիցների այն թվաքանակը, որն անհրաժեշտ է մեր դիվանագիտական առաքելությունների առանցքային գործառույթներն իրականացնելու համար»:
Կապված Ռուսաստանի` ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների քանակը կրճատելու ուղղությամբ ձեռնարկված միջոցների հետ, ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը ողջ Ռուսաստանում կդադարեցվի սկսած 2017թ. օգոստոսի 23-ից: 2017թ. սեպտեմբերի 1-ին այս գործընթացը կվերականգնվի Մոսկվայում: Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսություններում ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրման գործընթացը կդադարեցվի անորոշ ժամանակահատվածով: