Օգոստոսի 20-ին Ախալքալաքի կենտրոնական այգու կողքին գտնվող նախկին կինոյի տան շենքում բացվեց «Վրաստանի Հայրենասերների Դաշինք» կուսակցության գրասենյակը: Գրասենյակի բացման արարողությանը Ախալքալաքի հասարակության և կուսակցության տեղի առաջնորդների հետ մեկտեղ ներկա էին նաև կուսակցության հիմնադիրներ Դավիթ Թարխան-Մոուրավին և Իռմա Ինաշվիլին, հաղորդում է Akhaltskha.net-ը:
Հիմնադիր հավաքին ներկա էին Ախալքալաքի, Ախալցխայի և Նինածմինդայի շրջանային ժողովների պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ:
Դավիթ Թարխան-Մոուրավին իր ելույթում վերահաստատեց այն փաստը, որ նա և նրա կուսակցությունը ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Նա նաև նշեց, որ նույն թուրքերը իրականացրել են ցեղասպանություն շատ այլ ժողովուրդների հանդեպ, այդ թվում վրացիների: Նրա խոսքերով՝ այսօր Թուրքիան հավակնություններ ունի Բաթումիի, Օզուրգեթիի և Ախալցխայի նկատմամբ: Դավիթ Թարխան-Մոուրավիի կարծիքով Վրաստանի տարածքների 33 տոկոսը այսօր գտնվում է Թուրքիայի տարածքում: Նրա խոսքերով՝ Հայոց Ցեղասպանությունը ոչ մի առնչություն չունի Ադրբեջանի հետ և այս առումով պետք է տանել գրագետ աշխատանք բացատրելու նրանց այդ ամենը:
Ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Դավիթ Թարխան-Մոուրավին ասաց, որ Վրաստանը պետք է ունենա սառը հարաբերություններ Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան մշտապես զբաղվել է ուրիշ երկրների հողերի յուրացումով: Նրա խոսքերով՝ Թուրքիայում 27 անգամ տեղի է ունեցել քրդերի Ցեղասպանություն, և այդ իսկ պատճառով նա համարում է, որ տվյալ պետությունը շատ ագրեսիվ է և վտանգավոր է Վրաստանի համար: