2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական կառավարության կողմից հետապնդման մեջ գտնվող փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով the Star-ին: Նրանցից շատերը դիվանագետներ են, դատավորներ, արվեստագետներ, լրագրողներ և գիտնականներ:
«Ես շատ տխուր եմ, որ ստիպված եմ եղել լքել իմ երկիրը: Սակայն, համենայնդեպս, հիմա ապահով եմ և Էրդողանից հեռու: Նա այլևս չի կարող վնասել ինձ»,- պատմում է Բեռլինում փախստականի կարգավիճակ ստացած նախկինում թուրք դատավորը:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրք քաղաքական փախստականների հանգրվանը դարձել է Գերմանիան: Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների ՝ նախորդ տարի Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով դիմում է ներկայացրել 5742 Թուրքիայի քաղաքացի: