Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգային հարցերից է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, փոխանցում է «Արմենպրեսը»:
Հայկական ատոմային էլեկտրակայան ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:
2007թ. ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով: Սույն ռազմավարության դրույթներն ապահովելու նպատակով մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը:
Ռազմավարությամբ առաջարկվում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն դոլար, որն իրականացվելու է 3 փուլով:
Կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: