Այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց Աֆղանստանի ուղղությամբ ամերիկյան նոր ռազմավարությունը, որն չնայած աջակցություն ստացավ ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում, Հնդկաստանի, աֆղանական իշխանությունների կողմից, սակայն բավականին շատ հարցեր է առաջացնում փորձագետների մոտ: Այսպես, համաձայն Թրամփի աֆղանական նոր ռազմավարության Վաշինգտոնը այլևս չի հայտարարելու ահաբեկիչների դեմ գործողություններում ներառված իր զորքի քանակը, ինչպես նաև ռազմական պլաններ ընդհանրապես: Միևնույն ժամանակ Վաշինգտոնը մեծացնում է ամերիկացի զինվորականների լիազորություններն Աֆղանստանում, ինչը ենթադրում է, որ նրանք կարող են թիրախավորել թալիբներին ցանկացած վայրում: Աֆղանստանի նոր ռազմավարությունն ենթադրում է նաև ճնշման մեծացում Հնդկաստանի և Պակիստանի վրա. Սպիտակ տունն առաջինից ակնկալում է ավելի մեծ ջանքեր ահաբեկիչների դեմ պայքարում, իսկ Պակիստանին սպառնում է դադարեցնել օգնության տրամադրումը, եթե վերջինս շարունակի ապաստան տրամադրել ահաբեկիչներին:
Փորձագիտական շրջանակներում ընդգծում են, որ Թրամփի նոր ռազմավարությունն Աֆղանստանի հարցում բավականին անորոշ է՝ չնայած ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նոր ռազմավարության համաձայն ԱՄՆ-ը հավելյալ 4000 զինվորականներ է ուղարկում Աֆղանստան և պատրաստվում է աջակցել թալիբների և աֆղանական իշխանությունների միջև բանակցություններին: Փորձագետներն ընդգծում են, որ ռազմավարությունը հստակ նպատակ չունի և փորձում է ամերիկացիների մոտ հաղթանակի պատրանք ստեղծել: Ըստ էության, Թրամփի աֆղանական նոր ռազմավարությանն այդքան էլ չի տարբերվում իր նախորդների ռազմավարությունից, ինչը Թրամփը տարիներ շարունակ քննադատում էր՝ այն անվանելով «միանգամայն անիմաստ» և հանդես գալով Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու դիրքերից, ինչը, նրա կարծիքով, հնարավորություն կտար ավելի մեծ գումար հատկացնելու սեփական երկրի վերականգնմանը:
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Թրամփը ստիպված եղավ փոխելու իր դիրքորոշումն այս հարցում: Նա իր այդ որոշումը բացատում է այն հանգամանքով, որ ամերիկյան զորքերի միանգամից դուրսբերումն «Աֆղանստանում վակում կառաջացնի, ինչից կօգտվեն ահաբեկչական խմբավորումները», ինչպես որ եղավ 2011 թվականին Իրաքում: Ուստի երկարատև խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել, որ ամերիկյան զորքերը մնան Աֆղանստանում և ավելի վճռականորեն պայքարեն ահաբեկիչների դեմ: Այսպիսով, Թրամփը վերահաստատում է Աֆղանստանում հակամարտության ուժային լուծման ամերիկյան քաղաքականությունը: