Նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներն առաջին անգամ կնախազգուշացվեն: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հաղորդում է «Արմենպրեսը»:
Կառավարության ղեկավարը նշեց, որ ՓՄՁ-ների հետ հանդիպումների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հարկային խախտումները, որոնք վերաբերում են հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին:
«Առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նախազգուշացում, բայց նման բան օրենքով ներկայումս նախատեսված չէ»,- ասաց Կ.Կարապետյանը:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային ոլորտում նվազ նշանակության իրավախախտումների առաջին անգամ կատարելու դեպքում տնտեսավարողի նկատմամբ նախազգուշացում կիրառելու և տուգանքի չափի կիրառման հայեցողության հստակեցման վերաբերյալ առաջարկություններ: