ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն արդեն նշանակել է նոր մշտական համանախագահ: Օգոստոսի 28-ից այդ պաշտոնում ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդին կփոխարինի Էնդրյու Շեֆերը։
Ստորև հակիրճ ներկայացնում ենք ԱՄՆ նոր համանախագահի կենսագրությունը:
Էնդրյու Շեֆերը 1991 թվականին նշանակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի նախարար-խորհրդականի պաշտոնում: ԱՄՆ նոր համանախագահը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի ԱՄՆ ներկայացուցչությունում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում և Վիեննայում այլ միջազգային կազմակերպություններում:
Եղել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանությունում Առաքելության ղեկավարի տեղակալ: 2009-2011 թվականներին Արտաքին ծառայության ինստիտուտում աշխատել է որպես Քաղաքական վերապատրաստման բաժնի տնօրեն: 2008-2009 թվականներին եղել է Աֆղանստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների հարցերով խորհրդատու: Մինչ այդ եղել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով արտաքին կապերի բաժնի պետ, ապա Նիդերլանդներում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով խորհրդատու: 1991-1995 թվականներին աշխատել է նախ Քուվեյթում, ապա Բահրեյնում ԱՄՆ դեսպանություններում՝ որպես քաղաքական հարցերով կցորդ:
Էնդրյու Շեֆերը կրթություն է ստացել «Կոլումբիական համալսարան. միջազգային և հանրային կապերի դպրոց»-ում (մագիստրոսի աստիճան միջազգային հարաբերությունների գծով), Յելի համալսարանում (բակալավրի աստիճան քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների գծով): Ավարտել է նաև Ամերիկյան համալսարանը՝ որպես ազատ ունկնդիր:
Ամուսնացած է: Կինը՝ Քարեն Լին Էնսթրոմը, ևս աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտում:
Հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր hամանախագահի նշանակման մասին՝ Ռիչարդ Հոգլանդը նշել է. «Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան աﬔրիկյան դիվանագետ է, ով ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ունի իրական փորձ Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը և պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ»: Նա հավելել է, որ նոր համանախագահը տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունվարից ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահիի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Ռիչարդ Հոգլանդը փոխարինել էր Ջեյմս Ուորլիքին այն բանից հետո, երբ վերջինս նոր աշխատանքի էր անցել: