Ադրբեջանում Turan լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերի վճարումից խուսափելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու կասկածանքով, հաղորդում է BBC-ն:
Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) Turan-ը ճանաչել է Ադրբեջանում միակ անկախ լրատվական գործակալությունը և իշխանություններին կոչ է արել դադարեցնել նրա աշխատակիցների վրա հարձակումները: Human Rights Watch-ի իրավապաշտպանները ևս պետությանը կոչ են արել չմիջամտել գործակալության աշխատանքին:
Ալիևին տարել են Բաքվի Յասամալի շրջանի ոստիկանական վարչության մեկուսարան: Նա լրագրողներին հայտնել է, որ խափանման միջոցի ընտրության դատական նիստը պետք է տեղի ունենա 48 ժամվա ընթացքում:
Նշվում է, որ Ալիևին պետական փաստաբան են առաջարկել, սակայն նա հրաժարվել է և հայտարարել, որ ինքն իր փաստաբանն ունի: