Այս մրցաշրջանը դառնալու է Հենրիխ Մխիթարյանի՝ նկատելի առաջընթաց գրանցելու մրցաշրջանը։ ESPN–ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։
«Կարծում եմ` սա կլինի Մխիթարյանի մրցաշրջանը: Այս մրցաշրջանը նա հիասքանչ է սկսել: Մարդիկ թերագնահատում են նրան, քանի որ աշխարհում չունի այնպիսի բարձր համբավ, ինչպիսին ունեն մյուս ֆուտբոլիստները: Սա, միգուցե, այն պատճառով է, որ նա եկել է փոքր երկրից, բայց այս տարի Մխիթարյանը կստանա այն վստահությունը, որին արժանի է: Ես խաղադրույքս կատարում եմ Մխիթարյանի վրա», – ասել է շվեդ ֆուտբոլիստը՝ կատակելով, որ եթե Մխիթարյանը նրան գոլային փոխանցումներ չկատարի, ուրեմն` չի խաղա։