Հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները դիտել են «Խոստում» ֆիլմը

16:08     28 օգոստոսի, 2017

Օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը  կազմակերպել էր «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար, գրում է 1in.am-ը:

Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված «The Promise» ինստիտուտի ներկայացուցիչներ:

Հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում Հայաստանի և Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել  է  նշանակալի առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաև ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

Ողջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասաց, որ ֆիլմի միջոցով կարելի է տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:


© armedia.am