Հայաստանը հետխորհրդային տարածքում միգրանտների համար ամենահյուրընկալ երկիրն է: Այս մասին վկայում են Gallup միջազգային սոցիոլոգիական ծառայության հետազոտության արդյունքները:
Հետազոտության արդյունքների համաձայն` Հայաստանում փախստականների ընդունման ինդեքսը կազմում է 5.78 միավոր, ինչը ոչ միայն համաշխարհային միջինից է բարձր, այլ նաև հետխորհրդային երկրների շրջանում ամենաբարձր ցուցիչն է:
Հետխորհրդային երկրների շարքում երկրորդ տեղում Թուրքմենստանն է 5.36 միավորով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ուզբեկստանը (4.9 միավոր): Լիտվան (2.72), Ռուսաստանը (2.6) և Լատվիան (2.04) միգրանտների համար այդ տարածաշրջանի ամենաանհյուրընկալ երկրներ են:
Հետազոտության արդյունքները հիմնվում են 2016 թվականին աշխարհի 138 երկրներում, իսկ 2017 թվականին ԱՄՆ-ում անցկացված հարցումների արդյունքների վրա: Հարցման մասնակիցներին մասնավորապես հարցրել են՝ ինչպես են վերաբերում իրենց երկրում միգրանտների ապրելուն, միգրանտ հարևան ունենալուն և մտերիմ հարազատներից մեկի՝ միգրանտի հետ ամուսնանալուն:
«Լավ» պատասխանը գնահատվել է 3 միավոր, «չգիտեմ», «կախված է» պատասխանները գնահատվել են մեկ միավոր, իսկ «վատ» պատասխանը՝ 0 միավոր: Ինդեքսն իրենից ներկայացնում է այս երեք հարցերի պատասխանների ընդհանուր միավորը, որի հնարավոր առավելագույնն է 9 միավոր:
Նշվում է, որ ամբողջ աշխարհի համար այս ինդեքսի միջին միավորը կազմում է 5.29-ը, ընդ որում՝ 77 երկրներում գրանցվել է միջինից բարձր, իսկ 61-ում միջինից ցածր արդյունք: Ամբողջ աշխարում հարցման մասնակիցների 55 տոկոսը դրական վերաբերմունք է հայտել իր երկրում միգրանտների բնակվելուն, 50 տոկոսը՝ միգրանտ հարևան ունենալ, իսկ 44 տոկոսը՝ մտերիմ ազգականի՝ միգրանտնի հետ ամուսնությանը:
Նշենք, որ միգրանտների համար հյուրընկալության համաշխարհային վարկանիշը գլխավորում են Իսլանդիան (8.26), Նոր Զելանդիան (8.25) և Ռուանդան (8.16): Միգրանտների համար ամենաանհյուրընկալ երկրներն Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք գտնվում են Հունաստանից դեպի Գերմանիա փախստականների հոսքի բալկանյան ուղու վրա: Մասնավորապես Մակեդոնիայում, Հունգարիայում և Չերնոգորիայում, որոնք, ի դեպ, աշխարհում միգրանտների ընդունման ամենացածր ցուցիչներից ունեն, բնակչության երկու երրորդը դեմ է միգրանտներ ընդունելուն: Նշենք, որ միգրանտների նկատմամբ անհյուրընկալությամբ աչքի են ընկնում նաև Ծոցի արաբական պետությունները, Հարավարևելյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի երկրները, ինչպես նաև ԵՄ անդամ չհանդիսացող ոչ եվրոպական երկրները: