Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին շնորհավորել է Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ։ Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում։
«1997 թվականի պայմանագիրը սկիզբ է դրել Ռուսաստանի և Հայաստանի միջպետական կապերի ժամանակակից փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակյալ աճի համար»,- ընդգծել է ՌԴ նախագահը ուղերձում:
Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը, որոնք վերջին երկու տասնամյակների ընթացքում հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակին.Մոսկվան և Երևանն արդյունավետ համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, համակարգում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:
Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուս-հայկական կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանն ուղղված ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների: