Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ, հայտնում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։
Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամների այդ նախաձեռնությունը և ընդգծել ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման և պատասխանատուների դատապարտման կարևեորությունը Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։
Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Կարեն Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տևական լուծմանը հասնելու վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։