Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն Instagram-ում ուղիղ հեռարձակման ընթացքում մեկնաբանել է Մյանմայում (Բիրմա) ռոհինջա մուսուլմանների զանգվածային սպանությունը, գրում է gazeta.ru-ն:
«Եթե անգամ Ռուսաստանը պաշտպանի այն սրիկաներին, որոնք այսօր հանցագործություններ են իրականացնում, ես Ռուսաստանի դիրքորոշման դեմ եմ: Որովհետև ես իմ կարծիքն ու դիրքորոշումն ունեմ»,- ասել է նա:
Այսօր Գրոզնիի կենտրոնական հրապարակում կայացել է հանրահավաք հաջակցություն ռոհինջա մուսուլմանների, որին մասնակցել է նախնական տվյալներով ավելի քան մեկ միլիոն մարդ: Ավելի վաղ Կադիրովի կոչով հարյուրավոր մարդիկ բողոքի ակցիայի էին դուրս եկել Մոսկվայում Մյանմայի դեսպանության դիմաց:
Ռոհինջա ազգության մուսուլմանները, որոնց Մյանմայի իշխանությունները համարում են անօրինական միգրանտներ Բանգլադեշից, բնակվում են երկրի Ռակհայն նահանգում: Այստեղ պարբերաբար կրոնական հողի վրա բախումներ են տեղի ունենում մուսուլմանների և տեղի բուդդայականների միջև: Վերջին տարիներին այդ բախումների զոհ են դարձել հազարավոր մարդիկ:
Նշենք, որ Մյանմայի բանակը սեպտեմբերի 1-ին՝ մուսուլմանների գլխավոր տոներից մեկի Կուրբան Բայրամի օրը, հայտարարություն է տարածել, որի համաձայն մեկ շաբաթ առաջ սկսված կառավարական ուժերի և ռոհինջայի գրոհայինների միջև բախումների ընթացքում զոհվել է մոտ 400 մարդ, սպանվել է 370 գրոհային, կառավարական ուժերի շրջանում կորուստները 15 են: Բացի այդ, գրոհայիններին մեղադրում են 14 խաղաղ բնակչի սպանության համար: Ռոհինջա գրոհայիններն օգոստոսի 25-ին Ռակհայն նահանգում միաժամանակ հարձակվել են մի քանի ոստիկանական անցակետերի և զինվորական բազայի վրա:
Հարկ է նշել, որ Մյանմայի մուսուլմանների արձագանք է գտել ոչ միայն Չեչնիայում, այլ Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում: Ինգուշետիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը ևս անդրադարձել է ռոհինջա ժողովրդի նկատմամբ ագրեսիային՝ այն անվանելով անընդունելի և կոչ անելով մարդասիրական օգնություն ցուցաբերել այդ ժողովրդին:
Ռոհինջա ժողովրդին իր աջակցությունն են հայտնել նաև Դաղստանում. Մախաչկալայում կայացել է քայլերթ, որի մասնակիցները վրդովմունք են հայտնել Մյանմայում տիրող իրավիճակի առնչությամբ հանրապետության իշխանությունների անգործությունից:
Ինչո՞վ է պայմանավորված Հյուսիսային Կովկասի մուսուլմանների մտահոգությունը Հարավարևելյան Ասիայում իրենց հավատակիցների ճակատագրով: Իհարկե, չնայած վերջին տարիներին, Հյուսիսային Կովկասում ծայրահեղ իսլամի ազդեցությունը բավականին նվազել է, սակայն այս տարածաշրջանը շարունակում է բավականին իսլամացած մնալ, և բնականաբար բնակչությունը ցավագին է արձագանքում մուսուլմանների նկատմամբ բռնությանը ընդհանրապես: Իսկ Կադիրովի կողմից մուսուլմանների դժգոհությունն ուղղորդելն ու գլխավորելը կարելի է դիտարկել որպես ազդակ, որ Չեչնիայի նախագահը, ով բավականին լավ կապեր և ազդեցություն ունի իսլամական աշխարհում, ցանկանում է Ռուսաստանի՝ իսլամական աշխարհի ուղղությամբ արտաքին քաղաքականությունում որոշիչ դեր ստանձնել: