2018 թվականին Հայաստանն առաջին անգամ կօգնի միգրանտներին բնակարանային վարձերի հարցում։ NEWS.am-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Գագիկ Եգանյանը։
Նրա խոսքերով, ինչպես բնակարանային վարձերը, այնպես էլ աջակցության մի շարք այլ միջոցառումներ ձեռնարկվելու են Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի տեխնիկական աջակցությամբ։ Եգանյանն ընդգծել է, որ խոսքը միայն տեխնիկական աջակցության մասին է, այլ ոչ ֆինանսական:
Ըստ նախատեսվածի, մեկ ընտանիքի հատկացվելու է ամսական 60 հազար դրամ 9-12 ամսվա ընթացքում։ Հաջորդ տարի նման աջակցություն է նախատեսված 100 մարդու համար։ Կառավարությունն արդեն համապատասխան որոշման նախագծով որոշել է, թե որ եկվորներին է այն հատկացվելու։
Բացի վերոնշյալից, Կառավարությունը ծրագրում է միգրանտների ու փախստականների համար սոցիալական ինտեգրացիայի ու հայոց լեզվի ուսումնասիրության դասընթացներ կազմակերպել։